Վենեսուելայի իշխանությունները տեղական ընկերություններին կոչ են անում հաշիվներ բացել Ռուսաստանում, Չինաստանում, Հնդկաստանում և Թուրքիայում

Վենեսուելայի կառավարությունը տեղական շուրջ 50 ընկերությունների կոչ է արել բանկային հաշիվներ բացել Ռուսաստանում, Թուրքիայում, Չինաստանում և Հնդկաստանում՝ խորացնելով հարաբերությունները այս երկրների մատակարարների հետ։ Այս մասին գրում է TASS-ը՝ հղում կատարելով Bloomberg գործակալությանը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանությունները խոստացել են սեմինարներ անցկացնել այդ ընկերությունների ղեկավարների հետ։ Էկոնոմիկայի և ֆինանսների հարցերով փոխնախագահ Թարեք Այսամիի և ներքին առևտրի հարցերով նախարար Վիլյամ Կոնտրերասի մասնակցությամբ հանդիպման ժամանակ այդ ընկերությունների ղեկավարներին կոչ է արվել չբարձրացնել ապրանքների գները։

Հունվարի 28-ին Վաշինգտոնը պատժամիջոցներ էր սահմանել PDVSA ընկերության նկատմամբ՝ արգելափակելով վերջինիս 7 միլիարդ դոլարի ակտիվները և արգելելով այս ընկերության հետ գործարքները։ Սպիտակ տան տվյալներով՝ ընկերությունը ևս 11 միլիարդ դոլար է կորցրել նավթի արտահանման արգելքից։

ԱՄՆ ֆինանսների նախարարություն հաղորդմամբ՝ այս պատժամիջոցներ ցանկում հայտնվածները «շարունակում էին ճնշել ժողովրդավարությունը և ժողովրդավարական գործիչներին Վենեսուելայում»։

Բացի այդ, սառեցվելու են նաև ԱՄՆ-ի տարածքում գտնվող բոլոր ակտիվները․ Միացյալ Նահանգների քաղաքացիներին կարգելվի գործ ունենալ այդ երկրի հետ։

Հիշեցնենք, որ Հունվարի 23-ից Վենեսուելայում տեղի են ունենում զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպում էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել են բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.