Բեռնի Սանդերսը Խուան Գուաիդոյին չի ճանաչում որպես Վենեսուելայի լեգիտիմ առաջնորդ

Վերմոնտ նահանգից ամերիկացի սենատոր Բեռնի Սանդերսը, որն ավելի վաղ հայտարարել էր 2020 թ․ նախագահական ընտրություններին առաջադրվելու ցանկության մասին, հայտարարել է, որ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին չի ճանաչում որպես երկրի ժամանակավոր ղեկավար։ Այս մասին Սանդերսը հայտարարել է Univision հեռուստաալիքի եթերում։

Լրագրողը Սանդերսին ուղիղ հարց է տվել, թե արդյոք վերջինս Խուան Գուաիդոյին ճանաչում է որպես Վենեսուելայի լեգիտիմ առաջնորդ։

«Ոչ։ Ես կարծում եմ, որ բազմաթիվ հարցեր կան կապված վերջին նախագահական ընտրությունների հետը, և բազմաթիվ մարդիկ պնդում են, որ դրանք տեղի են ունեցել լուրջ խախտումներով։ Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները պետք է աշխատի միջազգային հանրության հետ Վենեսուելայում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար», - ասել է Սանդերսը։

Նրա կարծիքով՝ ներկայիս նախագահ Նիկոլաս Մադուրոն ոչ թե պետք է հեռանա իշխանությունից, այլ կազմակերպի «իրապես ազատ և արդար ընտրություններ»։

Ավելի վաղ Բեռնի Սանդերսը հայտարարել էր, որ պատրաստվում է Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել որպես նախագահաի թեկնածու 2020 թ․ կայանալիք նախագահական ընտրություններին։

Հիշեցնենք, որ Հունվարի 23-ից Վենեսուելայում տեղի են ունենում զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպում էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել են բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.