Թուրքիայում շարունակվում են զանգվածային ձերբակալությունները

Ստամբուլի դատախազությունը ձերբակալության հրահանգ է արձակել գործող 295 զինծառայողների նկատմամբ, որոնք կասկածվում են Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն համարվող Գյուլենական շարժման հետ առնչություն ունենալու մեջ։ Այս մասին տեղեկացնում է Hurriyet թերթը։
Կասկածյալների բնակության վայրերում և Ստամբուլի այլ թաղամասերում ստուգումներն սկսվել են նախորդ գիշեր։ Հատկանշական է, որ կասկածյալների թվում կան նաև բարձր սպայական կազմի ներկայացուցիչներ՝ երկու գնդապետ, մեկ փոխգնդապետ և ութ մայոր։
Հիշեցնենք, որ Անկարան 2016 թ․ հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրում է արդի իսլամական գաղափարախոսության հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենին, որը 1999 թվականից բնակվում է ԱՄՆ-ում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ-ի իշխանություններից մի քանի անգամ պահանջել է Գյուլենին ձերբակալել և արտահանձնել Թուրքիային, սակայն մերժում է ստացել։ Ըստ ամերիկյան կողմի՝ Թուրքիայի իշխանությունները չեն տրամադրել հեղաշրջման փորձին Գյուլենի մասնակցության վերաբերյալ բավարար ապացույցներ։