2018 թ․ Չինաստանը ենթարկվել է առավելագույն քանակի կիբերհարձակումների
Չինաստանի պետական հաստատությունները, ընկերությունները և մասնավոր անձինք 2018 թ․ ենթարկվել են առավելագույն չափի հաքերային հարձակումների։ Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերության տվյալներով՝ օրական միջինում արձանագրվել է մինչև 800 միլիոն հարձակման փորձ։
Knownsec Information Technology պեկինյան ընկերության տվյալներով՝ ցանցահենների հարձակումների ամենաբարձր ինտենսիվությունը գրանցվել է նախորդ տարվա օգոստոսին, երբ Չինաստանն ամեն օր ենթարկվում էր ավելի քան 4,9 միլիարդ կիբերհարձակումների։ Հարձակումների հիմնական թիրախը կառավարական կայքերն էին, որտեղ պահվում է առավել արժեքավոր ինֆորմացիա։
Համաձայն անցկացված վերլուծության՝ հարձակումների 97%-ը կատարվել է Չինաստանի տարածքից, իսկ մնացած 3%-ը՝ արտասահմանից։ Նույն վերլուծությունը ցույց է տալիս, որ ցանցահեններն ակտիվ են հատկապես աշխատանքային օրերին․ հանգստյան օրերին նրանց ակտիվությունը նկատելիորեն նվազում է։
Ավելի վաղ Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը հայտարարել էր, որ հաքերային հարձակումները և համացանցի միջոցով անձնական ինֆորմացիայի գողությունը կրում է գլոբալ բնույթ և ազդում է բոլոր երկրների շահերի վրա, «այդ իսկ պատճառով դրա լուծումը պահանջում է միջազգային հանրության միավորում»։
Նրա խոսքով՝ Պեկինը չափազանց լուրջ է վերաբերվում ցանցային անվտանգության ապահովվմանը։