Վենեսուելան փակել է Բրազիլիայի հետ սահմանը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրամայել է փակել Բրազիլիայի հետ սահմանը։ Այս մասին Մադուրոն հայտարարել է Վենեսուելայի պետական հեռուստաընկերության եթերում՝ հավելելով, որ դիտարկվում է նաև Կոլումբիայի հետ սահմանը փակելու հնարավորությունը։

Այս որոշումը Մադուրոն կայացրել է ընդդիմության այն հայտարարության ֆոնին, որ վերջիններս պատրաստվում են հումանիտար օգնությունը երկիր մտցնել հարևան պետություններից։ Մասնավորապես, նշվում է, որ այդ նպատակով սահման է ուղարկվելու հատուկ ավտոշարասյուն։

Փետրվարի 20-ին Վենեսուելան անորոշ ժամանակով փակել է Կարիբյան ծովի՝ Նիդերլանդներին պատկանող կղզիների հետ ծովային սահմանը։ Այս որոշումն էլ կայացվել էր ընդդիմության՝ ԱՄՆ-ից ուղարկված հումանիտար օգնությունը ծովային ճանապարհով երկիր մտցնելու ձգտումների հետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը դեղորայք էր ուղարկել Վենեսուելա։ Իսկ փետրվարի 10-ին էլ Կոլումբիա էր հասել ամերիկյան առաջին ինքնաթիռը՝ լի սննդամթերքով և դեղորայքով։ Նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր, որ ուղեբեռը թունավորված է, և արգելափակել էր դրա մուտքը երկիր։

Հիշեցնենք, որ Հունվարի 23-ից Վենեսուելայում տեղի են ունենում զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպում էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել են բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.