UNESCO-ն արևմտահայերենը համարում է Թուրքիայում վերացման վտանգի տակ գտնվող լեզու․ Ermenihaber
ՄԱԿ-ի՝ կրթության, մշակույթի և գիտության ոլորտներում մասնագիտացած կազմակերպությունը՝ UNESCO-ն, արևմտահայերենը համարում է Թուրքիայի տարածքում վերացման վտանգի տակ հայտնված լեզուներից մեկը։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։
Աշխարհում վերացման վտանգի տակ հայտնված լեզուների ցանկը կազմած խմբագիր Քրիս Մոլզին, պատասխանելով BBC-ի հարցմանը, ասել է, որ Թուրքիայի տարածքում կա վերացած կամ վերացման վտանգի տակ հայտնված 18 լեզու։
Նրա խոսքով՝ դրանցից 3-ը՝ ուբիխերենը, Մլահսո (արևելյան ասորերեն) և Կապադովկիայի հունարենն ամբողջովին վերացել են, իսկ հերթևիներենը (արամեական լեզու) վերացման եզրին է: Խիստ վտանգված լեզուներն են լադինոն ու գագաուզերենը:
Արևմտահայերենը, ռումիներենը, համշեներենը, լազերենը, Պոնտոսի հունարենը, աբխազերենը, սուրեթը դասակարգվել են որպես վերացման վտանգի տակ գտնվող լեզուներ:
Ermenihaber-ը գրում է, որ լեզվական առումով ամենաբազմազանը Պապուա նոր Գվինեան է: 8 միլիոնից քիչ ավել բնակչություն ունեցող այս երկրում խոսվում է ավելի քան 800 լեզվով: Լեզվական բազմազանությամբ ընդհանրապես աչքի չընկնող երկիրը Հյուսիսային Կորեան է, որտեղ խոսվում է ընդամենը 1 լեզվով: