Կիմ Չեն Ընը ժամանել է Վիետնամ

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը ժամանել է Վիետնամի մայրաքաղաք Հանոյ, որտեղ փետրվարի 27-28-ին տեղի է ունենալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Նշվում է, որ Կիմ Չեն Ընը հանգրվանել է քաղաքի կենտրոնում գտնվող Melia Hanoi հյուրանոցի նախագահական պենտհաուսում, որի հենց դիմաց էլ գտնվում է ուղղաթիռի հրապարակը։
Ներկա պահին Հանոյի կենտրոն տանող բոլոր ճանապարհները փակ են։ Հյուրանոցը և մերձակա փողոցները գտնվում են խիստ հսկողության տակ։ Տեղում հավաքվել են բազմաթիվ լրագրողներ և տեղացիներ՝ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի դրոշներով։ Միայն նախորդ շաբաթ Հանոյ է ժամանել Կիմ Չեն Ընի անվտանգության ծառայության 100 աշխատակից։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսի 12-ին Սինգապուրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Կիմ Չեն Ընը և Դոնալդ Թրամփը պայմանավորվել էին, որ ԿԺԴՀ-ը դադարեցնելու է միջուկային և հրթիռային փորձարկումները երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման դիմաց։