Իրանի խորհրդարանի պատգամավորները դիմել են Ռոհանիին՝ խնդրելով չընդունել Զարիֆի հրաժարականը
Իրանի խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը նամակ է գրել նախագահ Հասան Ռոհանիին՝ վերջինիս խնդրելով Մոհամադ Ջավադ Զարիֆին թողնել արտաքին գործերի նախարարի պաշտոնում՝ չընդունելով նրա հրաժարականը։ Այս մասին գրում է Irna գործակալությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի խորհրդարանը պատրաստվում է այսօր՝ փետրվարի 26-ին, քննարկել Զարիֆի հրաժարականի հարցը։
Գործակալության փոխանցմամբ՝ պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը հասցեական նամակով դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով ոչ մի կերպ չընդունել Զարիֆի հրաժարականը և թողնել նրան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում։
Հիշեցնենք, որ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը երեկ՝ փետրվարի 25-ի երեկոյան հայտարարել էր, որ հրաժարական է տալիս զբաղեցրած պաշտոնից։
«Խորին շնորհակալությունս եմ հայտնում Իրանի թանկագին և խիզախ ժողովրդին իր մեծահոգության և նրա իշխանություններին վերջին 67 ամսվա համար։ Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում ծառայությունս շարունակել չկարողանալու և ծառայության ընթացքում ունեցածս բացթողումների համար։ Երջանիկ եղեք», - իր Instagram-ի էջում գրել էր Զարիֆը։