Հյուսիսային Կորեան կարող է դառնալ Վիետնամի պես բարգավաճող երկիր․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Հյուսիսային Կորեան կարող է դառնալ նույնքան բարգավաճող պետություն, որքան Վիետնամն է։ Այս մասին Թրամփը գրել է իր թվիթերյան էջում։
«Վիետնամը բարգավաճում է, ինչպես ոչ շատ երկրներ։ ԿԺԴՀ-ն կարող է դառնալ այդ պետություններից և շատ արագ, եթե համաձայնի ապամիջուկայնացմանը։ Պոտենցիալն անհավանական է, ահռելի հնարավորություններ իմ ընկերոջ՝ Կիմ Չեն Ընի համար, որի նմանը պատմության մեջ չկա», - գրել է ԱՄՆ նախագահը։
ԱՄՆ-ԿԺԴՀ երկրորդ գագաթնաժողովից առաջ Թրամփն անդրադարձել է նաև ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանը՝ պահանջելով իրեն ուղղություն ցույց չտալ, թե ինչպես բանակցություններ վարել Փհենյանի հետ։
«Լավ կլիներ, որ դեմոկրատները դադարեցնեին խոսել այն մասին, թե ինչպես ես պետք է բանակցեմ Հյուսիսային Կորեայի հետ։ Փոխարենը լավ կլիներ իրենք իրենց հարց տային, թե ինչու Օբամայի վարչակազմի կառավարման 8 տարիների ընթացքում նրանք չեն արել դա», - գրել է Թրամփը։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի երկրորդ հանդիպումը պետք է տեղի ունենա այսօր և վաղը Վիետնամի մայրաքաղաք Հանոյում։ Հյուսիսային Կորեայի առաջնորդը հանգրվանել է Melia Hanoi հյուրանոցում, իսկ ԱՄՆ նախագահը՝ JW Marriott-ում։
Նախորդ տարվա հունիսի 12-ին Սինգապուրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Կիմ Չեն Ընը և Դոնալդ Թրամփը պայմանավորվել էին, որ ԿԺԴՀ-ը դադարեցնելու է միջուկային և հրթիռային փորձարկումները երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման դիմաց։