Պակիստանի ռազմաօդային ուժերը խոցել են հնդկական երկու ինքնաթիռ

Պակիստանի ռազմաօդային ուժերը խոցել են Հնդկաստանի օդուժի երկու կործանիչ, որոնք, ըստ Իսլամաբադի պնդումների, խախտել էին երկրի օդային սահմանը։ Այս մասին հայտարարել է Պակիստանի զինված ուժերի մամուլի քարտուղար Ասիֆ Գաֆուրը։ Նրա խոսքով՝ հնդկական ինքնաթիռներից մեկի օդաչուն գերի է վերցվել։

«Ի պատասխան Պակիստանի այսօր առավոտյան արած քայլերի, որի մասին ավելի վաղ հաղորդել էր ԱԳՆ-ը, Հնդկաստանի ռազմաօդային ուժերի երկու կործանիչներ հատել են մեր օդային սահմանը։ Ինքնաթիռներից մեկն ընկել է Ջամու և Քաշմիր նահանգի պակիստանյան տարածք, իսկ երկրորդը՝ Քաշմիրի՝ հնդկական մաս։ Հնդիկ օդաչուներից մեկը գերի է վերցվել», - հաղորդել է մամուլի խոսնակը։

Ավելի վաղ Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդել էր, որ պակիստանյան օդուժի ինքնաթիռները ստուգողական թռիչք են իրականացրել սահմանային շրջաններում և ցուցադրական մի քանի հրթիռ են արձակել բնակավայրերից հեռու ոչ զինվորական թիրախների ուղղությամբ։

«Միակ նպատակն այն էր, որ ցույց տանք, որ մենք ունակ ենք ինքնապաշտպանվել», - հայտարարել էին Պակիստանի արտաքին գործերի նախարարությունից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի «Միրաժ 2000» տեսակի 20 ինքնաթիռներ Քաշմիր նահանգի՝ Պակիստանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հարվածներ էին հասցրել «Ջեյշ է Մոհամմադ» խմբավորման հենակետերին։

Ջամմու և Քաշմիր նահանգը Հնդկաստանի միակ նահանգն է, որտեղ բնակչության մեծ մասը մուսուլմաններ են։ Այստեղ իրավիճակը լարված է բավական երկար ժամանակ։ Այն կռվան է երկու պետությունների միջև դեռ 1947 թվականից, երբ Բրիտանական Հնդկաստանը, ստանալով անկախություն, կրոնական հիմքով բաժանվեց երկու մասի։ Ներկայում Քաշմիրում չկա հստակ սահման։ Այն բաժանված է «վերահսկողության գծով»։

Նահանգի հնդկական մասում ակտիվորեն գործում են խմբավորումներ, որոնք կողմ են Հնդկաստանից անկախանալուն։ Դելին մշտապես մեղադրում է Իսլամաբադին ահաբեկիչների աջակցելու մեջ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.