Վաշինգտոնը և Փհենյանը կողմ են երկու երկրներում փոխադարձ ներկայացուցչություններ բացելուն
Վաշինգտոնը և Փհենյանը կողմ են ԿԺԴՀ-ում և ԱՄՆ-ում փոխադարձ ներկայացուցչություններ բացելուն։ Այս մասին Հանոյում բանակցությունների մեկնարկից առաջ հայտարարել են Կիմ Չեն Ընը և Դոնալդ Թրամփը․ գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք կողջունեինք նման նախաձեռնությունը», - ասել է Կիմ Չեն Ընը՝ պատասխանելով լրագրողի՝ Փհենյանում ամերիկյան ներկայացուցչություն բացելու հնարավորության մասին հարցին։
«Երկու կողմում էլ, դա լավ միտք է», - հավելել է Թրամփը։
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ևս մեկ անգամ հաստատել է ապամիջուկայնացում կատարելու իր պատրաստակամությունը։
«Ես եթե նման ցանկություն չունենայի, ապա այսօր այստեղ չէի լինի», - նշել է Ընը՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին։
Խոսելով Փհենյանի հետ Կորեական պատերազին պաշտոնապես վերջ դնող խաղաղության համաձայնագիր կնքելու հնարավորության մասին՝ Թրամփն ասել է, որ դա «մեկ-երկու օրվա ընթացքում չի կարող լինել»։
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 28-ին, Հանոյի Sofitel Legend Metropole հյուրանոցում շարունակվելու է ԱՄՆ-ԿԺԴՀ բարձր մակարդակի գագաթնաժողովը։
Երեկ երկու երկրների ղեկավարները դեմ առ դեմ հանդիպումից հետո բանակցություններ են ունեցել պատվիրակությունների ընդլայնված կազմով։