Վենեսուելայի կենտրոնական բանկից դուրս է բերվել 8 տոննա ոսկի․ Reuters

Վենեսուելայի կենտրոնական բանկի պահոցներից դուրս է բերվել ավելի քան 8 տոննա ոսկի։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Բոլիվարյան Հանրապետության կառավարական աղբյուրներին։

Նշվում է, որ ոսկին դուրս է բերվել նախորդ շաբաթ կառավարական հատուկ տրանսպորտային միջոցներով։ Ինչպես հայտնում է աղբյուրը, գործողությունը կատարվել է այն ժամանակ, երբ կենտրոնական բանկի նախագահ Կալիկստո Օրտեգան եղել է արտասահմանում։ Առայժմ դեռ հայտնի չէ, թե որտեղ է ոսկին։

«Նրանք պատրաստվում են ապօրինի կերպով ոսկին վաճառել արտասահմանում», - հայտարարել է Վենեսուելայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Անխել Ալվարադոն։

Հատկանշական է, որ կենտրոնական բանկից դեռ որևէ պաշտոնական մեկնաբանություն չի հնչել տարածված այս տեղեկության վերաբերյալ։

Հունվարի 31-ին հաղորդվում էր, որ Վենեսուելայի կենտրոնական բանկը պատրաստվում է իր պահոցներից 15 տոննա ոսկի տանել Արաբական Միացյալ Էմիրություններ վաճառելու, որպեսզի այդպիսով կարողանա լրացնել արտարժույթի պահուստները։

Հունվարի 29-ին Վենեսուելայի խորհրդարանը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Մոսկվայից Կարակաս է ժամանել մի ինքնաթիռ, որով պետք է երկրից դուրս տարվի 20 տոննա ոսկի։ Ավելի ուշ Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել էր այս տեղեկությունները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.