Հնդկաստանի հետ միջուկային պատերազմը կարող է հանգեցնել երկու երկրների կործանմանը․ Պակիստանի ԱԳ նախարար

Պակիստանի և Հնդկաստանի միջև պատերազմը կարող է հանգեցնել երկու երկրների ոչնչացմանը։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Պակիստանի արտաքին գործերի նախարար Շահ Մեհմուդ Կուրեշին։

«Պակիստանը երբեք չի ցանկացել լարվածության աճ և չի ցանկանում լինել ագրեսոր։ Միջուկային զենքի կիրառումը կարող է կործանարար լինել երկու պետությունների համար», - ասել է Կուրեշին։

«Մենք ունենք նոր կառավարություն՝ նոր մոտեցումներով։ Մենք ցանկանում ենք ապրել խաղաղ։ Ներկայիս կառավարության քաղաքականությունը հետևյալն է․ թույլ չտալ, որ մեր պետության տարածքն ինչ-որ կազմակերպությունների կամ մարդկանց կողմից օգտագործվի ինչ-որ մեկի, այդ թվում՝ Հնդկաստանի նկատմամբ ահաբեկչական գործողություններ կատարելու նպատակով», - հավելել է Պակիստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կուրեշին հայտարարել էր, որ Իսլամաբադը պատրաստ է ընդունել Մոսկվայի առաջարկը և նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Մինչ այդ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է բանակցությունների հարթակ տրամադրել, եթե կողմերը դեմ չեն։

Փետրվարի 26-ին Հնդկաստանը հայտարարել էր «Ջեյշ է Մոհամմադ» խմբավորման ճամբարին ավիահարված հասցնելու մասին, որը գտնվում է Քաշմիր նահանգնի՝ Պակիստանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Արդեն այսօր՝ փետրվարի 27-ին, Պակիստանի ռազմաօդային ուժերը հայտարարեցին, որ օդային հարվածներ են հասցրել Ջամու և Քաշմիր նահանգի՝ Հնդկաստանի տիրապետության տակ գտնվող տարածքներին։

Դելին և Իսլամաբադը նաև հայտարարեցին, որ խոցել են միմյանց կործանիչներ։

Հատկանշական է, որ Պակիստանը և Հնդկաստանը միջուկային ակումբի անդամ են, և միջազգային հանրությունն անհանգստացած է այստեղ կայունության խաթարմամբ՝ կողմերին կոչ անելով զսպվածության դրսևորել։

Ջամմու և Քաշմիր նահանգը Հնդկաստանի միակ նահանգն է, որտեղ բնակչության մեծ մասը մուսուլմաններ են։ Այստեղ իրավիճակը լարված է բավական երկար ժամանակ։ Այն կռվան է երկու պետությունների միջև դեռ 1947 թվականից, երբ Բրիտանական Հնդկաստանը, ստանալով անկախություն, կրոնական հիմքով բաժանվեց երկու մասի։ Ներկայում Քաշմիրում չկա հստակ սահման։ Այն բաժանված է «վերահսկողության գծով»։

Նահանգի հնդկական մասում ակտիվորեն գործում են խմբավորումներ, որոնք կողմ են Հնդկաստանից անկախանալուն։ Դելին մշտապես մեղադրում է Իսլամաբադին ահաբեկիչների աջակցելու մեջ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.