Եվրոպական խորհրդարանը Ռուսաստանին մեղադրում է Brexit-ին աջակցելու և ժողովրդավարական գործընթացներին միջամտելու մեջ

Եվրոպական խորհրդարանի՝ Ռուսաստանի վերաբերյալ եզրափակիչ բանաձևում, որը պատգամավորներն ընդունելու են մարտի 11-12-ին, Մոսկվային են վերագրվում Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպական Միության կազմից դուրս գալու (Brexit-ին աջակցելու) մասին արշավ սկսելու, Եվրոպայում ժողովրդավարական գործընթացներին միջամտելու և եվրոպական ծայրահեղական կուսակցությունների հետ կապեր ունենալու մասին մեղադրանքներ։

Բացի այդ, փաստաթղթում կոչ է արվում նաև պահպանել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, քանի դեռ վերջինս չի վերականգնել «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»։

Եվրոպական խորհրդարանի բանաձևերն ունեն խորհրդատվական բնույթ և ենթական չեն պարտադիր կատարման։

Հատկանշական է, որ այդ փաստաթղթում որևէ կոնկրետ փաստ չի բերվում եվրոպական ժողովրդավարական գործընթացներին ռուսական միջամտության մասին։

Եվրոպական խորհրդարանը կոչ է անում նաև ակտիվացնել կապերը Ռուսաստանի հասարակական կազմակերպությունների, բլոգերների և հետաքննությամբ զբաղվող լրագրողների հետ։ Փաստաթղթի հեղինակներից մեկի խոսքով՝ անհրաժեշտ է այնպես անել, որ «այս քայլերը չդիտարկվեն որպես միջամտություն Ռուսաստանի ներքին գործերին»։

Ռուսաստանին ուղղված մի շարք մեղադրանքների հետ մեկտեղ ընդգծվում է Մոսկվայի հետ առևտրի ոլորտում համագործակցության կարևորությունը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.