Մադուրոն որոշել է Վենեսուելայի պետական նավթային ընկերության գրասենյակը տեղափոխել Մոսկվա
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն որոշել է PDVSA նավթային պետական ընկերության գրասենյակը Լիսաբոնից տեղափոխել Մոսկվա։ Այս մասին հայտարարել է Բոլիվարյան Հանրապետության փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը։
«Սա արվում է նավթարդյունաբերության ոլորտում «Ռոսնեվթ» և «Գազպրոմ» ընկերությունների հետ համագործակցությունը խորացնելու ծրագրի շրջանակներում», - Սերգեյ Լավրովի հետ տեղի ունեցած բանակցություններից հետո հայտարարել է Վենեսուելայի փոխնախագահը։
Նրա խոսքով՝ այս որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Եվրոպան բավարար երաշխիքներ չի տալիս ակտիվների պաշտպանության վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Հունվարի 23-ից Վենեսուելայում տեղի են ունենում զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպում էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել են բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։
Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։
Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։