Քաշմիր նահանգում կրկին իրավիճակը լարվել է․ Դելին և Իսլամաբադը փոխանակվել են հարվածներով
Ապրիլի 4-ին պակիստանցի զինվորականները գրոհել են Քաշմիր նահանգի հնդկական բանակի դիրքերը։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Դևենդեր Անանդը։
«Այսօր՝ ժամը 00։30-ի սահմաններում, Պակիստանի բանակն առանց որևէ պատճառի խախտել է հրադադարի ռեժիմը՝ գրոհելով Ակնուրի շրջանում մեր դիրքերը։ Մեր զինվորականները բացել են պատասխան կրակ։ Փոխհրաձգությունն ավարտվել է մոտ 06։30-ի սահմաններում», - ասել է Անանդը։
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հարձակումը կատարվել է հրաձգային զինատեսակներով և ականանետերով։ Հնարավոր զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։
Հսկիչ գոտուց հինգ կիլոմետր շառավղով բոլոր ուսումնական հաստատությունները փակ են։
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Հնդկաստանը հայտարարել էր «Ջեյշ է Մոհամմադ» խմբավորման ճամբարին ավիահարված հասցնելու մասին, որը գտնվում է Քաշմիր նահանգնի՝ Պակիստանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Արդեն այսօր՝ փետրվարի 27-ին, Պակիստանի ռազմաօդային ուժերը հայտարարեցին, որ օդային հարվածներ են հասցրել Ջամու և Քաշմիր նահանգի՝ Հնդկաստանի տիրապետության տակ գտնվող տարածքներին։
Դելին և Իսլամաբադը նաև հայտարարեցին, որ խոցել են միմյանց կործանիչներ։
Հատկանշական է, որ Պակիստանը և Հնդկաստանը միջուկային ակումբի անդամ են, և միջազգային հանրությունն անհանգստացած է այստեղ կայունության խաթարմամբ՝ կողմերին կոչ անելով զսպվածության դրսևորել։
Ջամմու և Քաշմիր նահանգը Հնդկաստանի միակ նահանգն է, որտեղ բնակչության մեծ մասը մուսուլմաններ են։ Այստեղ իրավիճակը լարված է բավական երկար ժամանակ։ Այն կռվան է երկու պետությունների միջև դեռ 1947 թվականից, երբ Բրիտանական Հնդկաստանը, ստանալով անկախություն, կրոնական հիմքով բաժանվեց երկու մասի։ Ներկայում Քաշմիրում չկա հստակ սահման։ Այն բաժանված է «վերահսկողության գծով»։
Նահանգի հնդկական մասում ակտիվորեն գործում են խմբավորումներ, որոնք կողմ են Հնդկաստանից անկախանալուն։ Դելին մշտապես մեղադրում է Իսլամաբադին ահաբեկիչների աջակցելու մեջ։