ԱՄՆ-ում նշել են սպառազինությունների վերահսկման շուրջ Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու նախապայմանները
Միացյալ Նահանգները պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններ վարել սպառազինությունների վերահսկման շուրջ, սակայն որոշակի նախապայմաններով։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը Միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի դրույթների կատարումը դադարեցնելու վերաբերյալ։
«Միացյալ Նահանգները նախկինի պես հավատարիմ է սպառազինությունների արդյունավետ վերահսկմանը, որն օժանդակում է ԱՄՆ-ի և դաշնակիցների անվտանգության ապահովվմանը, ենթակա է պարտադիր կատարման և ներառում է գործընկերների, որոնք պատասխանատու կերպով կատարում են իրենց պարտավորությունները։ Մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ բանակցել սպառազինությունների վերահսկման շուրջ», - ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը։
ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունում նաև ափսոսանք են հայտնել այն կապակցությամբ, որ Մոսկվան «պատրաստ չէ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի դրույթները պահպանելու ուղղությամբ»։
Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Միացյալ Նահանգները հայտարարել էր, որ դուրս է գալիս Միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից, որը կնքվել էր 1987 թ․ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև։ Ի պատասխան՝ Մոսկվան հայտարարեց, որ նույնպես դուրս է գալիս պայմանագրից և պատրաստվում է նոր հրթիռներ մշակել, որոնք արգելված էին փաստաթղթով։
Նույն օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Մոսկվան հայելային պատասխան կտա Վաշինգտոնի այս քայլին՝ նույնպես դադարեցնելով իր մասնակցությունը պայմանագրին։