ԱՄՆ-ը պատրաստվում է Թուրքիային և Հնդկաստանին զրկել առևտրային արտոնություններից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է չեղարկել առևտրային արտոնությունները Հնդկաստանի և Թուրքիայի համար։ Համապատասխան ծանուցումը Թրամփն արդեն ուղարկել է Կոնգրես։
ԱՄՆ նախագահն իր որոշումը բացատրել է այն հանգամանքով, որ Դելին երաշխիքներ և մատչելի հասանելիություն չի տրամադրում ամերիկյան ընկերություններին իր շուկաներում, իսկ թուրքական տնտեսությունն առևտրային արտոնությունների ժամանակահատվածում բավականաչափ ամրապնդվել է, իսկ բնակչության եկամուտներն աճել են։
Նշվում է, որ արտոնությունների չեղարկումը կարող է լրջորեն ազդել Հնդկաստանի արտահանման վրա, որի համար ամերիկյան շուկան գլխավոր ուղղությունն է (կազմում է ողջ արտահանման մոտ 15%-ը)։
Մյուս տեսանկյունից, ինչպես նշում են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները, ԱՄՆ-ի համար Հնդկաստանից ներկրվող ապրանքները կազմում են ընդհանուր ներկրման ընդամենը 2%-ը:
Թրամփի այս որոշումը բացասաբար է ազդելու նաև թուրքական արտահանման վրա։ Վերլուծաբանների հավաստմամբ՝ Թուրքիան Միացյալ Նահանգներ է ուղարկում իր արտահանվող ապրանքների 5,3%-ը, ինչը վեցերորդ կարևորագույն արտասահմանյան ուղղությունն է։ Ընդ որում՝ ԱՄՆ-ի համար սա կազմում է ներկրվող ապրանքների ընդամենը 0,4%-ը։