Արևմուտքի հետ մեր համագործակցությունը Ռուսաստանին հիստերիայի մեջ է գցում․ Լուկաշենկո

Բելառուսը ստիպված է Ռուսաստանի Դաշնության կողմից կիրառվող սահմանափակումների պայմաններում զարգացնել համագործակցությունն Արևմուտքի հետ։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Արևմուտքի հետ մեր համագործակցությունը երբեմն ալերգիա և հիստերիկություն է առաջացնում մեր գլխավոր գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության մոտ։ Հարցնում ենք՝ ինչու՞ եք հիստերիայի մեջ ընկնում։ Մեր արտադրանքը շուկա չեք թողնում, դուրս եք մղում, ճնշում եք բոլոր հնարավոր տեղերում։ Մենք, ի՞նչ է, պետք է թաքնվենք շրիշակների տակ և մնանք այնտեղ», - ասել է Լուկաշենկոն։

«Եթե մեր առջև փակում են դռները՝ առաջինը, երկրորդը, երրորդը, ապա մենք պետք է փնտրենք չորրորդ դուռը, որպեսզի պետությունը նորմալ գոյատևի», - շարունակել է Բելառուսի նախագահը։

Նա նաև կոչ է արել ռուս գործընկերներին Բելառուսին չմեղադրել այն բանի համար, որ Մինսկը «թեքվել է ինչ-որ կողմ»։

«Մենք ստիպված չենք որևէ կողմ թեքվել։ Մենք այնպիսի իրավիճակում ենք, որ անընդհատ պետք է գլուխներս պտտենք, որովհետև գտնվում ենք իրադարձությունների էպիկենտրոնում՝ Եվրոպայի կենտրոնում», - հայտարարել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ իրենք «բախտ չէին որոնի» Եվրոպայում, եթե Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները լավ լինեին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.