Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչին թույլ չեն տվել մուտք գործել Չեխիա

ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին, որը ռուսական պաշտոնական պատվիրակության կազմում մեկնել էր Չեխիա, թույլ չեն տվել մուտք գործել երկիր։ Այս մասին տեղեկացնում է Ռիա նովոստի-ն՝ հղում կատարելով Պրահայում Ռուսաստանի դեսպանությանը։

Նշվում է, որ դիվանագետը պետք է մասնակցեր Ռուսաստանի և Չեխիայի միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական հարցերով միջկառավարական խորհրդի նիստին։

Այս կապակցությամբ՝ Պրահայում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունը իր բողոքն է հղել Չեխիայի արտաքին գործերի փոխնախարարին։

«Բողոքի նոտայում նշված է, որ նման քայլերը համարվում են ոչ բարեկամական, չեն համապատասխանում ռուս-չեխական հարաբերությունների բնույթին և անպատասխան չեն մնալու», - հայտարարել են ռուսական դեսպանությունից։

Ինչպես գրում են չեխանական լրատվամիջոցները, «դիվանագետին թույլ չի տրվել երկիր մուտք գործել անվտանգության նկատառումներից ելնելով»։

Ռուսաստանի և Չեխիայի միջև միջկառավարական խորհրդի նիստը պետք է տեղի ունենա մարտի 6-ին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.