ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոգերինիի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը (primeminister.am):

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ողջունել է ՀՀ վարչապետի այցը Բրյուսել` կարևորելով Հայաստանի հետ համագործակցության խորացումը: Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը վերահաստատել է` ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին, որոնք ուղղված են օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարի հաջողմանը, տնտեսական առաջընթացի ապահովմանը և մի շարք այլ ուղղություններով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Եվրոպական միությունը Հայաստանի վստահելի գործընկերն է, և մեր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն էլ ավելի սերտացրին արժեքային ընդհանրություններ ունեցող Հայաստանի և Եվրամիության կապերը: ՀՀ կառավարության ղեկավարն ասել է, որ ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչի մասին են վկայում բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կառավարությունը պատրաստ է շարունակել և էլ ավելի զարգացնել արդյունավետ գործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, վիզաների ազատականացման գործընթացին, ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումներին ԵՄ աջակցությանը և երկկողմ գործակցության օրակարգին վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը և Ֆեդերիկա Մոգերինին մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Զրուցակիցներն ընդգծել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման կարևորությունը` այդ նպատակով միջազգային մանդատ ունեցող ձևաչափի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների շրջանակում:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.