Եվրամիությունը համաձայնեցրել է Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի հետ կապված հակառուսական պատժամիջոցների ցանկը
Եվրոպական Միության անդամ պետությունների մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են 8 ռուսաստանիցների նկատմամբ պատժամիջոցները՝ կապված Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստի-ի Բրյուսելի աղբյուրը։
«Պաշտոնապես դրանք հավանության կարժանանան արդեն հաջորդ շաբաթ», - նշել է լրատվականի աղբյուրը։
Դեռ փետրվարին Եվրոպական Միության անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել էր, որ Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցները ԵՄ-ն կարող է հաստատել երկու շաբաթվա ընթացքում։
Հատկանշական է, որ ԵՄ-ից բացի, Ազովի ծովում տեղի ունեցած միջադեպի հետ կապված հակառուսական պատժամիջոցներ է ցանկանում սահմանել նաև Միացյալ Նահանգները։ Այս դեպքում սահմանափակումները կարող են ներառել երկրի ողջ ռազմածովային ոլորտը և ևս 24 սպաների։ Պատժամիջոցների այս փաթեթը Կոնգրեսին էին ներկայացրել մի քանի սենատորներ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ուկրաինական երեք ռազմանավեր մտել էին Կերչի նեղուց, որտեղ ռուս սահմանապահները կալանել էին դրանք և կրակ բացել նավերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել էր ուկրաինացի 3 զինծառայող։ Հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի պետական սահմանները խախտելու հատկանիշներով։
Գործով ձերբակալվել է Ուկրաինայի 24 քաղաքացի, որոնք կարող են դատապարտվել մինչև 6 տարվա ազատազրկման։
Ուկրաինան և Արևմուտքի երկրներն այս միջադեպը փորձում են օգտագործել որպես Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու պատրվակ։