Թուրքիան չի բացառում ռուսական Ս-500 համակարգը գնելու հնարավորությունը

Թուրքիան չի բացառում Ռուսաստանից զենիթահրթիռային Ս-500 համալիրների ձեռքբերման հնարավորությունը։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է NTV հեռուստաալիքը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի առաջնորդը հավաստիացրել է նաև, որ չի պատրաստվում հրաժարվել Ս-400-ը ձեռք բերելու մտքից։ Նրա խոսքով՝ գործարքից հրաժարվելը անազնիվ կլինի, քանի որ այս հարցով արդեն կան հստակ պայմանավորվածություններ, ներառյալ՝ ձեռքբերման վարկային պայմանները և համատեղ արտադրությունը։ Այս գործարքի կնքումից հետո Թուրքիան պատրաստվում է դիտարկել Ս-500 համակարգը ձեռք բերելու հնարավորությունները։
Փետրվարի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մեծ ճնշում է գործադրում Անկարայի վրա ռուսական զենիթահրթիռային համակարգերը ձեռք բերելու ցանկության պատճառով։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնի ներկայացուցիչը 2019 թ․ ընթացքում արդեն 5 անգամ հանդիպել է թուրք պաշտոնյաների հետ՝ փորձելով նրանց համոզել հրաժարվել Ս-400 համակարգը գնելու մտքից։
Ռուսական Ս-400 համակարգը Թուրքիային մատակարարելու մասին համաձայնությունը ձեռք է բերվել դեռ 2017 թվականին։ Գործարքի ընդհանուր արժեքը կազմելու է մոտ 2,5 միլիարդ դոլար, սակայն գումարի մոտ կեսը փակվելու է ռուսական վարկի միջոցով։ Համակարգի մատակարարումը կարող է սկսվել 2019 թ․ հոկտեմբերին։
Հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային Ս-400 համակարգը նախատեսված է բալիստիկ հրթիռների և ինքնաթիռների խոցման համար: Թիրախները կարողանում է խոցել մինչև 400 կմ հեռավորության վրա: