Պոմպեոն Վենեսուելայում էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցման համար մեղադրում է Մադուրոյի վարչակազմին
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Վենեսուելայում էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցման համար մեղադրում է Բոլիվարյան Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոյի վարչակազմին։
«Էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցումը, որից տուժում են հասարակ վենեսուելացիները, տեղի է ունենում ոչ ԱՄՆ-ի պատճառով և ոչ էլ՝ Կոլումբիայի։ Դրանում մեղավոր չեն նաև Էկվադորը, Բրազիլիան և ոչ էլ Եվրոպական Միությունը։ Էլեկտրաէներգիայի պակասը և սովը Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի ոչ կոմպետենտության արդյունք է», - իր թվիթերյան էջում գրել է Պոմպեոն։
Նա նշել է նաև, որ Մադուրոյի քաղաքականությունը Վենեսուելային «միայն խավար է բերում»։
Հիշեցնենք, որ մարտի 7-ին Կարակասը և Վենեսուելայի 23 նահանգներից 20-ը մնացել էին առանց էլեկտրամատակարարման։ Ազգային էլեկտրամատակարարման ընկերության տվյալներով՝ տեղի ունեցածի պատճառը երկրի խոշորագույն Հիդրոէլեկտրոկայանի՝ Սիմոն Բոլիվարի անվան ՀԷԿ-ի սաբոտաժն է։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածի մեջ մեղադրում է «ամերիկյան իմպերիալիզմին»։
Վենեսուելայի՝ կապի և մշակույթի հարցերով փոխնախագահ Խորխե Ռոդրիգեսը պետական հեռուստատեսության եթերում հայտարարել էր, որ Վենեսուելայի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջովին կվերականգնվի մոտակա ժամերի ընթացքում։