Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահի հետ (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, որը Հայաստան է ժամանել երկօրյա պաշտոնական այցով: Այս մասին տեղեկացնում է վարչապետի մամուլի ծառայությունը (primeminister.am

Նշվում է, որ Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Վրաստանի նախագահի առանձնազրույցը:

Ողջունելով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Հարգելի տիկին նախագահ,

ուրախ եմ Ձեզ և Ձեր ղեկավարած պատվիրակությանը ողջունել Հայաստանում: Ես կարծում եմ, որ ներկայում մեր երկրների հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու պատմական հնարավորություն ունենք: Որպես վարչապետ՝ իմ առաջին պաշտոնական այցը կատարել եմ Վրաստան, և դա ընդգծում է մեր կառավարության և անձամբ իմ առանձնահատուկ ուշադրությունը և կարևորության զգացումը հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ: Ընդգծել եմ, որ մենք պետք է մեր հարաբերություններում հենվենք ռազմավարական ընդհանուր շահերի վրա և ուրախ եմ, որ Վրաստանի կառավարության կողմից համարժեք արձագանքի եմ արժանացել: Հիմա ժամանակն է այդ փոխադարձ ըմբռնումը կյանքի կոչել: Եվս մեկ անգամ բարով եք եկել»:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նշել է.

«Շնորհակալություն, պարոն վարչապետ: 

Ուրախ եմ, որ պաշտոնական այցով գտնվում եմ իմ հարևան, բարեկամ Հայաստանում: Ես ևս համոզված եմ, որ մեր առանց այն էլ սերտ հարաբերությունները կանցնեն նոր փուլ, և կկարողանանք էլ ավելի զարգացնել: Մեզ շատ բան է միավորում՝ աշխարհագրությունը, պատմությունը, բացի պատմությունից և աշխարհագրությունից, մեզ միավորում է մեր ընդհանուր տեսլականն ապագայի մասին: Կարծում ենք՝ մենք կկարողանանք մեր հնարավորություններն օգտագործել, առավել ևս կապված Եվրամիության հետ: Միասին շատ բան կարող ենք անել և շատ անելիքներ ունենք միասին: Եվս մեկ անգամ շնորհակալություն»:

Առանձնազրույցից հետո Նիկոլ Փաշինյանը և Սալոմե Զուրաբիշվիլին քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով հանդիպման ձևաչափով՝ աշխատանքային ճաշի շրջանակում:

Հայաստանի վարչապետը և Վրաստանի նախագահը բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը և կարևորել համագործակցության հետագա զարգացումը: Կողմերն ընդգծել են տարբեր ուղղություններով հայ-վրացական կապերի խորացման կարևորությունը և մտքեր փոխանակել առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման շուրջ: Քննարկվել են տարբեր ոլորտներում փոխգործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.