Մեծ Բրիտանիայում որոշել են հետաձգել Brexit-ը
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հավանության է արժանացրել Brexit-ի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ կառավարության առաջարկը։ Այս մասին հայտնել է բրիտանական BBC-ն։
Համայնքների պալատի պատգամավորների մեծամասնությունը (412 մարդ) կողմ է քվեարկել Brexit-ի հետաձգմանը։ Դեմ են արտահայտվել 202-ը։
Եթե մինչև մարտի 20-ը օրենսդիրները կողմ քվեարկեն Եվրոպական Միության հետ համաձայնագրին, ապա Լոնդոնը պաշտոնական հարցում կուղարկի Բրյուսել, որպեսզի այն հետաձգվի մինչև հունիսի 30-ը։ Սրանից հետո կսկսվի արդեն Միության անդամ 27 պետությունների կողմից փաստաթղթին հավանության արժանացնելու գործընթացը։
Սակայն, եթե պատգամավորները հավանության չարժանացնեն Brexit-ի վերաբերյալ Թերեզա Մեյի ծրագիրը, ապա դրա իրագործման ամսաթիվը կարող է հետաձգվել ավելի շատ ժամանակով։ Այս պարագայում արդեն Մեծ Բրիտանիան ստիպված կլինի մասնակցել մայիսին կայանալիք եվրոպական ընտրություններին։
Ավելի վաղ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ պատրաստվում է փոխել Brexit-ի համաձայնագրի պայմանները։ Դրանից առաջ Եվրոպական Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հրաժարվել էր վերանայել Brexit-ի պայմանների վերաբերյալ ավելի վաղ կնքված համաձայնագիրը։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան պետք է մարտի 29-ին պաշտոնապես դուրս գա Եվրոպական Միության կազմից։