ԱՄՆ Կոնգրես է մտցվել Վենեսուելայում «ռուսական ազդեցության տարածման» դեմ օրինագիծ
ԱՄՆ Կոնգրեսի կայքում հրապարակվել է մի օրինագիծ, որը ենթադրում է պատժամիջոցներ կիրառել այն ռուսաստանցիների նկատմամբ, որոնք աջակցում են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։
«Ռուսաստանի ներկայության ավելացումը արևմտյան կիսագնդում հարուցում է Միացյալ Նահանգների և դաշնակիցների անհանգստությունը», - ասվում է փաստաթղթում։
Օրինագծի ընդունման պարագայում, դիտարկվում է ԱՄՆ մուտքի արտոնագիր չտրամադրել այն արտասահմանցիներին, որոնք գործում են «ռուսական կառավարության հետաքրքրությունների շրջանակներում»։
Կոնգրեսում հիշատակվում է նաև Վենեսուելայում ռուսական հրթիռակիրների տեղակայումը, որոնք նախորդ տարվա դեկտեմբերին մասնակցել էին զորավարժությունների։
Նշվում է, որ Մոսկվան ֆինանսական աջակցություն է ցույց տալի Նիկոլաս Մադուրոյին՝ վարկեր տրամադրելով PDVSA պետական նավթագազային ընկերությանը։
Հունվարի 23-ից Վենեսուելայում տեղի են ունենում զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպում էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել են բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։
Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։
Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։