Թուրքիան և Իրանը համատեղ գործողություններ են իրականացնում Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ
Թուրքիան և Իրանն առաջին անգամ անցակցրել են համատեղ հակաահաբեկչական գործողություններ Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։
«Այսօր՝ առավոտյան 08։00-ին մենք Իրանի հետ համատեղ առաջին անգամ սկսել ենք հակաահաբեկչական գործողություններ», - ասել է Սոյլուն՝ չնշելով, թե երկրի որ հատվածում են կատարվել գործողությունները։
Ինչպես հաղորդում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը, Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ հակաահաբեկչական գործողությունը կրում է շարունակական բնույթ։ Համատեղ գործողությունները պետք է իրականացվեն թուրք-իրանական սահմանին։ Սոյլուի խոսքով՝ գործողությունների արդյունքների մասին կհաղորդվի լրացուցիչ։
Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) հիմնադրվել է 1978 թ. Դիարբեքիրում մի խումբ քուրդ ուսանողների կողմից, որոնց առաջնորդում էր Օջալանը։ Վերջինս ցմահ ազատազրկման է բանտարկված թուրքական Իմրալը կղզում։ Նրանց վերջնական նպատակը ազգային ինքնավարություն ստեղծելն է։ Քրդստանի աշխատավորական կուսակցության գործունեությունն արգելված է Թուրքիայի իշխանությունների կողմից։