Կիմ Չեն Ընը պատրաստվում է այցելել Ռուսաստան

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պատրաստվում է այցելել Ռուսաստան, որպեսզի ստանա վերջինիս աջակցությունը Դոնալդ Թրամփի հետ Հանոյում տեղի ունեցած անհաջող գագաթնաժողովից հետո։
Ինչպես հաղորդում է հարավկորեական The Dong-a Ilbo թերթը, այդ մասին Սեուլում հայտարարել է Կենտրոնական հետախուզական վարչության կորեական կենտրոնի նախկին ղեկավար Էնդրյու Կիմը։
«Կիմ Չեն Ընը պատրաստվում է մեկնել Ռուսաստան, որպեսզի ցուցադրի Մոսկվայի հետ սերտ կապերը Վիետնամում տեղի ունեցած անհաջող գագաթնաժողովի ֆոնին», - լրատվականը մեջբերել է նախկին հետախույզի խոսքերը։
Թերթի փոխանցմամբ՝ այս խոսքերի ճշմարտացիությունը կարելի է տեսնել ԿԺԴՀ-Ռուսաստան հարաբերությունների ակտիվացմամբ։ Նշվում է նաև, որ մարտին Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան դիվանագետները երեք անգամ այցելել են Մոսկվա։
Հիշեցնենք, որ Վիետնամի մայրաքաղաք Հանոյում փետրվարի 27-28-ին տեղի է ունեցել ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովը։ Փետրվարի 27-ին տեղի է ունեցել երկու երկրների առաջնորդների հանդիպում, որը տևել է 2,5 ժամ։ Թրամփը և Կիմ Չեն Ընը քննարկել են Սինգապուրում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Նախորդ տարվա հունիսի 12-ին Սինգապուրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Կիմ Չեն Ընը և Դոնալդ Թրամփը պայմանավորվել էին, որ ԿԺԴՀ-ը դադարեցնելու է միջուկային և հրթիռային փորձարկումները երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման դիմաց։