Քաշմիր նահանգում կրկին իրավիճակը լարվել է․ պակիստանյան կողմի արձակած կրակոցներից զոհվել է հնդիկ զինվորական

Հնդկաստանի Քաշմիր նահանգում հնդիկ զինվորականը զոհվել է պակիստանյան կողմից արձակված կրակոցից։ Այս մասին տեղեկացնում է IANS գործակալությունը՝ հղում կատարելով Հնդկաստանի պաշտպանության նախարարությանը։

Ինչպես պնդում են աղբյուրները, պակիստանցի զինվորականներն առավոտյան սկսել են «առանց պատճառի կրակել» հրաձգային և հրետանային զինատեսակներից։

«Մեր զինվորականները վճռական պատասխան են տալիս այդ գործողություններին», - ասել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։

Բացի այդ, հաղորդվում էր նաև, որ Ջամմու և Քաշմիր նահանգում այսօր առավոտյան վիրավորվել է երկու հնդիկ ոստիկան։

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Հնդկաստանը հայտարարել էր «Ջեյշ է Մոհամմադ» խմբավորման ճամբարին ավիահարված հասցնելու մասին, որը գտնվում է Քաշմիր նահանգնի՝ Պակիստանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Արդեն հաջորդ օրը՝ փետրվարի 27-ին, Պակիստանի ռազմաօդային ուժերը հայտարարեցին, որ օդային հարվածներ են հասցրել Ջամու և Քաշմիր նահանգի՝ Հնդկաստանի տիրապետության տակ գտնվող տարածքներին։

Դելին և Իսլամաբադը նաև հայտարարեցին, որ խոցել են միմյանց կործանիչներ։

Հատկանշական է, որ Պակիստանը և Հնդկաստանը միջուկային ակումբի անդամ են, և միջազգային հանրությունն անհանգստացած է այստեղ կայունության խաթարմամբ՝ կողմերին կոչ անելով զսպվածության դրսևորել։

Ջամմու և Քաշմիր նահանգը Հնդկաստանի միակ նահանգն է, որտեղ բնակչության մեծ մասը մուսուլմաններ են։ Այստեղ իրավիճակը լարված է բավական երկար ժամանակ։ Այն կռվան է երկու պետությունների միջև դեռ 1947 թվականից, երբ Բրիտանական Հնդկաստանը, ստանալով անկախություն, կրոնական հիմքով բաժանվեց երկու մասի։ Ներկայում Քաշմիրում չկա հստակ սահման։ Այն բաժանված է «վերահսկողության գծով»։

Նահանգի հնդկական մասում ակտիվորեն գործում են խմբավորումներ, որոնք կողմ են Հնդկաստանից անկախանալուն։ Դելին մշտապես մեղադրում է Իսլամաբադին ահաբեկիչների աջակցելու մեջ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.