Պայթյուն՝ Ճապոնիայում գտնվող ամերիկյան ռազմաբազայում
Անհայտ անձը պայթյուն է իրականացրել ճապոնական Օկինավա կղզում գտնվող ամերիկյան «Քեմփ Ֆոսթեր» ռազմաբազայում։ Այս մասին տեղեկացնում է ճապոնական NHK հեռուստաալիքը։
Տեղի հրամանատարության և ոստիկանության տվյալների համաձայն՝ կիրակի երեկոյան անհայտ անձը կտրել է ռազմաբազան շրջապատող ցանցը և մտել ներս։
Այնուհետև, նա գազի բալոն է պայթեցրել ռազմաբազայի շենքի երկրորդ հարկում գտնվող գրասենյակներից մեկի մուտքի մոտ, որտեղ սովորաբար նստում են Ճապոնիայի պաշտպանության նախարարության Օկինավայի շրջանի ներկայացուցիչները։
Հատկանշական է, որ պայթյունի հետևանքով տուժածներ չկան․ հասցվել է միայն նյութական վնաս, որի չափը ճշտվում է։ Ոստիկանությունն այս պահին որոնում է մեղավորին։
«Քեմփ Ֆոսթեր» ռազմաբազայում է գտնվում ծովային հետևակի կորպուսի շտաբը։