Նեթանյահուն Գազայի հատվածից տեղի ունեցած հարձակման պատճառով կրճատում է ԱՄՆ կատարելիք այցի ժամանակը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածից իսրայելական բնակավայրի վրա տեղի ունեցած հրթիռային հարձակման պատճառով կրճատում է իր՝ ԱՄՆ կատարելիք այցի ժամկետը։
Այս մասին գրում է TASS-ը՝ հղում կատարելով իսրայելական KAN ռադիոալիքին։
«Անվտանգության ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին ես որոշել եմ կրճատել ԱՄՆ այցիս ժամկետը։ Մի քանի ժամից հանդիպում կունենամ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որից անմիջապես հետո կվերադառնամ Իսրայել։ Տեղի է ունեցել հանցագործություն․ հարձակվել են Իսրայելի պետության վրա, և մենք պատասխանելու ենք ուժով», - ասել է Նեթանյահուն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ իսրայելական բուժհաստատություններից մեկը հայտնում էր, որ Միշմերետ մոշավի (իսրայելական գյուղական բնակավայր, - խմբ․) տներից մեկի վրա Գազայի հատվածից արձակված հրթիռի հետևանքով վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։