Վենեսուելայի ընդդիմության առաջնորդն իր աջակիցներին կոչ է անում պատրաստվել իշխանությունը բռնազավթելուն
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն ժողովրդին կոչ է արել նախապատրաստվել «Ազատություն» կոչվող գործողությանը, որը պետք է հանգեցնի երկրում իշխանության բռնազավթմանը։
Այս մասին, ինչպես տեղեկացնում է TASS-ը, Գուաիդոն գրել է Instagram-ի իր էջում։
«Եկել է ժամանակը «Ազատություն» գործողությունն իրականացնելու և այս զավթմանը վերջ դնելու համար առավելագույն ճնշում գործադրելու։ Բոլորը, բացառապես բոլորն ունեն իրենց դերը մեր պայքարի այս փուլում», - գրել է Գուաիդոն։
Ընդդիմության առաջնորդը հավելել է նաև, որ գործողության անցկացման նպատակով ողջ երկրի տարածքով ստեղծվելու են «Ազատությանն օգնելու կոմիտեներ»։
«Նրանք պայքար են քարոզելու յուրաքանչյուր շրջանում այս զավթմանը վերջ դնելու համար», - շարունակել է Գուաիդոն։
Հունվարի 23-ից Վենեսուելայում տեղի են ունենում զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպում էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել են բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։
Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։
Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։