Սթոլթենբերգը խոստանում է, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, որն աշխատանքային այցով ժամանել է Թբիլիսի, հայտարարել է, որ Վրաստանը մեծ հաջողություններ է գրանցել Եվրաատլանտյան ինտեգրման հարցում։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Սթոլթենբերգը խոստացել է, որ Վրաստանն, ի վերջո, անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, սակայն կոնկրետ ժամկետներ կրկին չեն նշվել։
«Վրաստանը մեզ համար առանձնահատուկ գործընկեր է։ Ուրախ եմ կրկին հաստատել, որ 2008 թ․ Բուխարեստի գագաթնաժողովի որոշումն ուժի մեջ է։ Ձեր երկիրը Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ չէ, սակայն մեծամասշտաբ ներդրում ունի այստեղ։ Անցկացվող զորավարժությունները ցույց են տալիս, որ Վրաստանը և ՆԱՏՕ-ն մեծ հաջողությունների կարող են հասնել», - ասել է Սթոլթենբերգը։
Վրաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է դեռ 1990-ականներից։ 2002 թ․ Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարնաձեն Պրահայում կայացած գագաթնաժողովի ժամանակ առաջին անգամ հայտարարեց Դաշինքին անդամակցելու ցանկության մասին։ Այդ ձգտումը հաստատեց նաև երկրի հաջորդ նախագահ Միխաիլ Սաակաշվիլին։
2015-2016 թ․թ․ Վրաստան կատարած այցերի ընթացքում Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Վրաստանն անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, սակայն կոնկրետ ժամկետների մասին կրկին ոչինչ չի խոսվել։