Իսրայելը զորքեր է տեղակայում Գազայի հատվածի հետ սահմանին
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Ավիհայ Էդրին հայտարարել է, որ երկրի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ավիվ Կոհավին Գազայի հատվածի հետ սահման է ուղարկել երկու ռազմական բրիգադ և հրամանատարական կենտրոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսրայելական կողմը պատրաստվում է ուժային պատասխան տալ Գազայի հատվածից տեղի ունեցած հրթիռային հարձակմանը, ինչն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ստիպել էր նախատեսվածից կարճ այց կատարել Միացյալ Նահանգներ։
Իսրայելի պաշտպանության բանակից հաղորդում են, որ Թել Ավիվը պատրաստ է իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի։
Ներկա պահին տեղի է ունենում զորքերի մասնակի մոբիլիզացիա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ իսրայելական բուժհաստատություններից մեկը հայտնում էր, որ Միշմերետ մոշավի (իսրայելական գյուղական բնակավայր, - խմբ․) տներից մեկի վրա Գազայի հատվածից արձակված հրթիռի հետևանքով վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։