Դոնալդ Թրամփը պաշտոնապես ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանը ստորագրել է փաստաթուղթ, որով ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն։
«Դա պետք է տեղի ունենար տասնամյակներ առաջ», - ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ Իսրայելը գրավել է Գոլանի բարձունքները 1967 թ․, որպեսզի իրեն պաշտպանի վտանգներից։ Թրամփը նշել է, որ Իսրայելին այժմ պետք է պաշտպանվել Իրանից և Սիրիայի ահաբեկչական խմբավորումներից, այդ թվում՝ «Հեզբոլլահ»-ից, որը կարող է ամեն պահի հարձակումներ ձեռնարկել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ իսրայելական բուժհաստատություններից մեկը հայտնում էր, որ Միշմերետ մոշավի (իսրայելական գյուղական բնակավայր, - խմբ․) տներից մեկի վրա Գազայի հատվածից արձակված հրթիռի հետևանքով վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։
1944 թվականից Սիրիային պատկանող Գոլանի բարձունքները Իսրայելի վերահսկողության տակ են անցել 1967 թ․ վեցօրյա պատերազմից հետո։ 1981 թվականին Քնեսեթն ընդունել է «Գոլանի բարձունքների մասին» օրենք, որով ամրագրվել է հրեական պետության ինքնիշխանությունը տվյալ տարածքի վրա։ Հենց այդ ժամանակ էլ Գոլանի բարձունքի բռնակցումն անվավեր է ճանաչվել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 497 թվակիր բանաձևով։