Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Գազայի հատվածին
Իսրայելցի զինվորականները շարունակում են հարվածներ հասցնել Գազայի հատվածին։ Հրեական պետության պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ գիշերային և առավոտյան հարձակումների ժամանակ խոցվել է 15 «ահաբեկչական թիրախ»։
Նշվում է, որ հարվածներ են հասցվել նաև պաղեստինյան անկլավի կենտրոնական հատվածներին, որոնց համար օգտագործվել են ուղղաթիռներ և ինքնաթիռներ։
Հատկանաշական է նաև, որ Իսրայելի հարավային մի քանի շրջաններում՝ Աշկելոնում, Նետիվոտում և Օֆակիմում փակվել են դպրոցները և այլ ուսումնական հաստատությունները՝ հասկացնելով, որ դեռ չի ավարտվել հակամարտության հերթական փուլը։
Չնայած եգիպտոսցի միջնորդների հայտարարություններին հրադադար հաստատելու վերաբերյալ, սահմանային շրջաններում, այնուամենայնիվ, իսրայելական օդային հսկողության ազդանշանները կրկին միացել են՝ զգուշացնելով հերթական հրթիռային հարձակման հնարավորության մասին։
Հիշեցնենք, որ այստեղ իրավիճակը կրկին սրվել էր այն բանից հետո, երբ Գազայի հատվածից զինյալները հրթիռն էին արձակել իսրայելական բնակավայրերից մեկի ուղղությամբ։ Հարձակման հետևանքով վիրավորվել էր 7 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որը տեղի ունեցածի պատճառով կրճատել էր ԱՄՆ կատարած այցի տևողությունը, վերադարձել և անձամբ է գլխավորել պաղեստինյան անկլավի վրա տեղի ունեցող գործողությունը։