Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են երկրի էլեկտրամատակարարման համակարգի վրա կատարված նոր հարձակման մասին

Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը հայտարարել է երկրի էլեկտրամատակարարման համակարգի վրա կատարված նոր հարձակման մասին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկուշաբթի երեկոյան երկրի 23 նահանգներից 16-ում, այդ թվում՝ մայրաքաղաքում, մասամբ կամ ամբողջությամբ դադարել է էլեկտրամատակարարումը:

Ավելի ուշ հաջողվել էր վերականգնել էլեկտրամատակարարումը Բոլիվարյան Հանրապետության գրեթե ողջ տարածքում։

Հիշեցնենք, որ մարտի 7-ին Կարակասը և Վենեսուելայի 23 նահանգներից 20-ը մնացել էին առանց էլեկտրամատակարարման։ Ազգային էլեկտրամատակարարման ընկերության տվյալներով՝ տեղի ունեցածի պատճառը երկրի խոշորագույն Հիդրոէլեկտրոկայանի՝ Սիմոն Բոլիվարի անվան ՀԷԿ-ի սաբոտաժն է։

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածի մեջ մեղադրում է «ամերիկյան իմպերիալիզմին»։

Հաջորդ օրը Կարակասի մի շարք թաղամասերում էլեկտրաէներգիայի մատակարարումը հաջողվել էր մասամբ ժամանակավորապես վերականգնել, սակայն ավելի ուշ կրկին դադարել էր։

Հունվարի 23-ից Վենեսուելայում տեղի են ունենում զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպում էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել են բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.