Սիրիան Գոլանի բարձունքների շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին պահանջում է հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ
Սիրիան պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել քննարկելու Գոլանի բարձունքների շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին տեղեկացնում է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրներին։
Այժմ, ինչպես նշվում է հայտարարության մեջ, Ֆրանսիան, որը նախագահում է ՄԱԿ-ի ԱԽ-ում, պետք է նշանակի նիստի օրը։
Հիշեցնենք, որ մարտի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Վաշինգտոնում ունեցած հանդիպման ժամանակ ստորագրել էր հրամանագիր, որով ճանաչում էր Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ։
Այս միակողմանի գործողությանը դեմ է արտահայտվել ոչ միայն Սիրիան, այլ նաև իսլամական և արաբական աշխարհի մի շարք պետություններ։ Բացի այդ, դեմ են արտահայտվել նաև Ռուսաստանը և Եվրոպայում Միացյալ Նահանգների առանցքային դաշնակիցներ Ֆրանսիան և Գերմանիան։
Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու պատրաստակամության մասին Թրամփը հայտարարել էր դեռ նախորդ շաբաթ։
1944 թվականից Սիրիային պատկանող Գոլանի բարձունքները Իսրայելի վերահսկողության տակ են անցել 1967 թ․ վեցօրյա պատերազմից հետո։ 1981 թվականին Քնեսեթն ընդունել է «Գոլանի բարձունքների մասին» օրենք, որով ամրագրվել է հրեական պետության ինքնիշխանությունը տվյալ տարածքի վրա։ Հենց այդ ժամանակ էլ Գոլանի բարձունքի բռնակցումն անվավեր է ճանաչվել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 497 թվակիր բանաձևով։