ՌԴ ԱԳՆ-ը ներկայացրել է Վենեսուելայում ռուս զինվորականների գտնվելու հիմքերը
Ռուս մասնագետների Վենեսուելայում գտնվելը կարգավորվում է Կարակասի և Մոսկվայի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրով, որը կողմերն ստորագրել են 2001 թվականին։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
Նա նաև մեկնաբանել է ամերիկյան կազմակերպությունների հայտարարությունները, որոնք Ռուսաստանին մեղադրում են Վենեսուելայում «ռազմական միջամտություն կատարելու մեջ»։ Զախարովայի խոսքով՝ նրանց այս դիրքորոշումը քաղաքականապես կողմնակալ դիրքորոշում է։
Ավելի վաղ Կարակասում ռուսական դիվանագիտական աղբյուրները Ռիա Նովոստի-ին հայտնել էին, որ Մայքեթիա օդանավակայան են ժամանել երկու ռուսական ինքնաթիռ՝ այստեղ բերելով մի խումբ ռուս զինվորականների։
Վենեսուելական աղբյուրների փոխանցմամբ՝ երկիր է ժամանել 99 ռուս զինվորական։ Ռուսական ինքնաթիռները Կարակաս են բերել նաև մոտ 35 տոննա բեռ։
Սրանից հետո Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը հայտարարեց, որ զինված ուժերը տեղակայվելու են այստեղ էլեկտրամատակարարման համակարգում վերանորոգում կատարելու ժամանակ։
Հիշեցնենք, որ մարտի 7-ին Կարակասը և Վենեսուելայի 23 նահանգներից 20-ը մնացել էին առանց էլեկտրամատակարարման։ Ազգային էլեկտրամատակարարման ընկերության տվյալներով՝ տեղի ունեցածի պատճառը երկրի խոշորագույն Հիդրոէլեկտրոկայանի՝ Սիմոն Բոլիվարի անվան ՀԷԿ-ի սաբոտաժն է։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածի մեջ մեղադրում է «ամերիկյան իմպերիալիզմին»։
Հաջորդ օրը Կարակասի մի շարք թաղամասերում էլեկտրաէներգիայի մատակարարումը հաջողվել էր մասամբ ժամանակավորապես վերականգնել, սակայն ավելի ուշ կրկին դադարել էր։