1999 թ․ Հարավսլավիայում ՆԱՏՕ-ի գործողություններն օրինական էին․ Սթոլթենբերգ

1999 թ․ ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավլսավիայի ռմբակոծումն օրինական էր և արդարացված։ Այս մասին սերբական Tanjug գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
«1999 թ․ օդային միջամտության մասին հիշողությունները մինչև այսօր շատ ցավոտ են շատերի համար, հատկապես նրանց, ովքեր հարազատների են կորցրել», - ասել է Սթոլթենբերգը։
Նրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքն այդ գործողությունն սկսել է «հումանիտար աղետից խուսափելու համար, քանի որ Հարավսլավիայի իշխանությունները մինչև 1998 թ․ վերջերը Կոսովոյից տեղահանել էին մոտ 300 հազար ալբանացիների»։
«Այս ճգնաժամի ֆոնին ՆԱՏՕ-ի կողմից ուժի կիրառումն անհրաժեշտություն էր և օրինական գործողություն։ Դրա նպատակն էր կանգնեցնել ռազմական գործողությունները և Կոսովոյում քաղաքացիական անձանց նկատմամբ բռնաճնշումները՝ ապահովելով փախստականների վերադարձը և հումանիտար օգնության հասանելիությունն այնտեղ։ Գործողությունը հասավ իր նպատակին», - հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Հարավսլավիայում ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունների հետևանքով հիմնականում զոհվել են քաղաքացիական բնակչության ներկայացուցիչներ։ 78 օր տևած օդային գործողությունների արդյունքում, տարբեր հաշվարկների համաձայն, զոհվել է 2,5 հազարից մինչև 3,5 հազար մարդ, որոնց թվում՝ 89 երեխա։ Վիրավորվել է 12,5 հազար մարդ։ Ոստիկանության և զինվորականների շարքերում գրանցվել է 1031 զոհ։