ԱՄՆ-ին անհրաժեշտ են Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորությունը հասկացող գործիչներ. Թրամփի խորհրդական
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին անհրաժեշտ են գործիչներ, ովքեր հասկանում են ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման անհրաժեշտության կարևորությունը: Այս մասին «Sputnik» լրատվականին հայտարարել է նախընտրական քարոզարշավի ժամանակ Դոնալդ Թրամփի խորհրդական Քարթեր Փեյջը:
«Մարդիկ, ովքեր չեն հավատում ռուս-ամերիկյան հարաբերությունների ներուժին, դատապարտված են ձախողման: Սովորաբար ամեն ինչ ավարտվում է նրանով, որ բոլոր սխալների և բանակցությունների ձախողման համար մեղադրում են ռուսական ղեկավարությանը», - հայտարարել է Փեյջը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի առաջիկա նշանակման մասին լուրերը:
ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնի ամենահավանական թեկնածուներն են Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլյանին և Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին: Ամերիկյան The Wall Street Journal-ի համաձայն՝ անձամբ Դոնալդ Թրամփը ցանկանում է այդ պաշտոնին նշանակել Միթ Ռոմնիին, սակայն նրա խորհրդականները նախապատվությունը տալիս են մյուս թեկնածուին:
Միթ Ռոմնին հայտնի է Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի մասին իր կոշտ հայտարարություններով: Իր գրքում նա Ռուսաստանին անվանել է ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական գլխավոր թշնամի: