Սելահաթթին Դեմիրթաշին սպառնում է 142 տարվա ազատազրկում
![](https://www.noror.am/sites/default/files/styles/header_image/public/header-images/demirtas-yuksedag.jpg?itok=94Gb_rHA)
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշին և Ֆիգեն Յուքսեքդաղին սպառնում է, համապատասխանաբար, 142 և 83 տարվա ազատազրկում։ Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պատժի այս չափը նշված է դատախազի մեղադրական եզրակացության մեջ։ Լրատվականի հաղորդած տվյալների համաձայն՝ Դեմիրթաշը ներկա չի եղել դատական նիստին։ Նրան թույլ է տրվել միայն Էդիրնեի բանտից տեսակապով միանալ նիստին։
Նշենք, որ նախորդ տարվա նոյեմբեր 3-ի լույս 4-ի գիշերը թուրքական ոստիկանությունը ձերբակալել էր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ) համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշին ու Ֆիգեն Յուքսեքդաղին, ինչպես նաև նույն կուսակցությունը ներկայացնող ևս 9 պատգամավորի (Անկարայից ընտրված Սըրրը Սյուրեյյա Օնդերին, Դիարբեքերից՝ Իդրիս Բալուքենին, Զիյա Փիրին, Նուրսել Այդողանին, Շըրնաքից՝ Լեյլա Բիրլիքին, Ֆերհաթ Էնջյուին, Սելմա Ըրմաքին, Հաքքարիից՝ Աբդուլլահ Զեյդանին, Մարդինից՝ Գյուլսեր Յըլդըրըմին): Նրանք մեղադրվում են ահաբեկչական կառուցներին անդամակցելու, ահաբեկչության քարոզչությամբ զբաղվելու, թուրք ազգը, Թուրքիայի Հանրապետությունն ու ԹԱՄԺ-ը նսեմացնելու մեջ։