Թուրքիան ամենօրյա ռեժիմով աջակցում է ահաբեկիչներին. Ասադ
Թուրքիան հովանավորել է Իսլամական պետությանը, իսկ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներգրավված է եղել ԻՊ-ին աջակցելու և Սիրիայում նաֆթի մաքսանենգ առևտրի մեջ։ Այս մասին ճապոնական TBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը։
«Առաջին հերթին, եթե անկեղծ խոսենք, ԻՊ-ը ստեղծվել է ԱՄՆ-ի կողմից Իրաքում 2006 թ. և հիմնված է եղել բացառապես այնտեղ։ Սիրիայում քաղաքացիական պատերազմի հենց սկզբից Թուրքիան ֆինանսավորում էր Իսլամական պետությանը, քանի որ վերջինս օգտագործում էր սիրիական նաֆթահանքերը շահույթ ստանալու և, այդպիսով, նոր զինյալներով համալրվելու նպատակով։ Թուրքիան ԻՊ-ի հետ մտավ նաֆթային մաքսանենգ առևտրի մեջ անձամբ Էրդողանի մասնակցությամբ», - հայտարարել է Ասադը՝ ավելացնելով, որ պետք չէ սպասել ԻՊ-ի դեմ իրական պայքար ԱՄՆ-ի և Թուրքիայի կողմից։
Սիրիայի նախագահի խոսքով՝ Էրդողանն ամեն կերպ փորձում է ցույց տալ, որ պայքարում է «Իսլամական պետություն» և «Ջաբաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների դեմ, սակայն, իրականում, ամենօրյա ռեժիմով աջակցում է նրանց։ «Առանց Թուրքիայի աջակցության նրանք (ահաբեկչական խմբավորումները – խմբ.) չեն կարող գոյատևել», - նշել է Ասադը։
Ներկայում Սիրիայի ողջ տարածքում կրակոցներ չկան։ Հրադադարի ռեժիմը հաստատվել է դեկտեմբերի 30-ին։ Այս համաձայնությանը միացել են Սիրիայի կառավարական ուժերը և ընդդիմադիր 7 զինված խմբավորում (ավելի քան 60 հազար մարդ)։
Սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով հաջորդ բանակցությունները կկայանան հունվարի 23-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։ Մասնակիցների վերջնական ցանկը դեռևս հայտնի չէ։