Դե Միստուրան կգլխավորի ՄԱԿ-ի պատվիրակությունը Աստանայում կայանալիք հանդիպմանը
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտիերեշը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրային կարգադրել է գլխավորել կազմակերպության պատվիրակությունը Աստանայում հունվարի 23-ին կայանալիք սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով բանակցություններին։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը։
«Հաշվի առնելով Աստանայի հանդիպմանը քննարկվելիք հարցերի կարևորությունը և մասնակից կողմերի ներկայացվածության բարձր մակարդակը՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը խնդրել է պարոն Դե Միստուրային գլխավորել կազմակերպության պատվիրակությունը», - նշված է ՄԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Անտոնիու Գուտիերեշը հույս է հայտնել, որ Աստանայի հանդիպումը դրական քայլ կլինի Ժնևում սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով բանակցությունների վերսկսումից առաջ։
Աստանայում կայանալիք բանակցությունների մասնակիցների վերջնական ցանկը դեռևս հայտնի չէ։ Ակնկալվում է, որ հանդիպմանը կմասնակցեն Սիրիայի կառավարական ուժերի և ընդդիմության զինված խմբավորումերի ներկայացուցիչները։
Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ Աստանայում կայանալիք բանակցություններին ՄԱԿ-ի պատվիրակությունը կգլխավորի կազմակերպության` Սիրիայի հարցերով հատուկ պատվիրակի տեղակալ Ռամզի Իզզեդդին Ռամզին։