Մարին Լե Պենը նախագահ դառնալուց հետո պատրաստ է հրաժարական տալ, եթե Ֆրանսիան դուրս չգա Եվրամիության կազմից
![](https://www.noror.am/sites/default/files/styles/header_image/public/header-images/le_pen_frexit.jpg?itok=8QBXn5I7)
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում հանրաքվե կանցկացնի Եվրամիությունից դուրս գալու հարցով։ Այս մասին Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդը հայտարարել է LCI հեռուստաալիքի եթերում տված հարցազրույցի ժամանակ։
Լե Պենի խոսքով՝ ինքը պատրաստ է հրաժարական տալ, եթե ֆրանսիացիները չաջակցեն «Ֆրեքզիտի» գաղափարը։
Փետրվարի 4-ին Ֆրանսիայի նախագահի թեկնածուն հրապարակել է իր նախընտրական ծրագիրը, որը բաղկացած է 144 կետից։ Մասնավորապես՝ Լե Պենը մտադիր է Ֆրանսիան դուրս բերել ՆԱՏՕ-ի կազմից, ամրացնել երկրի սահմանները և լքել Շենգեն գոտին։ Նախագահ ընտրվելու դեպքում նա զգալի ուշադրություն է դաձնելու ահաբեկչության դեմ պայքարին։ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդը նշել է նաև, որ երկքաղաքացիներին զրկելու է Ֆրանսիայի քաղաքացիությունից, քանի որ դա կարող է վտանգել ազգային անվտագությունը։
Անցկացված սոցհարցումների համաձայն՝ Մարին Լե Պենն, ամենայն հավանականությամբ, կհաղթի ընտրությունների առաջին փուլում, որը կայանալու է այս տարվա ապրիլի 23-ին։ Նույն հարցումները ցույց են տալիս, որ Լե Պենն, այնուամենայնիվ, ընտրությունների երկրորդ՝ մայիսի 7-ին կայանալիք փուլում իր տեղը կզիջի անկուսակցական թեկնածու, Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնին։ Վերլուծաբանների կարծիքով՝ Մակրոնը կհավաքի 65% ձայն, իսկ Լե Պենը՝ 35%։
Ավելի վաղ նախագահական ընտրությունների հաղթողի ամենահավանական թեկնածուն Ֆրանսիայի աջ պահպանողական հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանուա Ֆիյոնն էր, որի վարկանիշը զգալի անկում է ապրել կնոջ՝ Պենելոպեի անվան շուրջ պտտվող սկանդալի արդյունքում։