Ղազախստանն անցում է կատարում լատինատառ այբուբենի
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կառավարությանը հանձնարարել է մինչև տարվա վերջ ղազախերենի համար մշակել լատինատառ այբուբեն: Այս մասին Նազարբաևը հաղորդել էր իր հեղինակած հոդվածում։
Ինչպես նշում է Ղազախստանի նախագահը, մինչև 2018 թ. պետք է մշակված լինի նոր միասնական ղազախական այբուբեն: Դրանից բացի նախագահն առաջարկել է հաջորդ տարվանից սկսել լատինատառ այբուբենով մասնագետների պատրաստումը և միջնակարգ դպրոցների դասագրքերի նախագծումը:
Նազարբաևն ընդգծել է, որ վերջնական անցումը լատինատառ այբուբենին նախատեսվում է 2025 թվականին: Այդ ժամանակ արդեն բոլոր գործնական փաստաթղթերը, պարբերականները և գրքերը պետք է հրատարակվեն լատինատառ այբուբենով:
Լատինատառ այբուբենը Ղազախստանում օգտագործվել է 1929-1940 թ.թ.: Սակայն 1940 թ. նոյեմբերի 13-ի որոշմամբ անցում կատարվեց կիրիլյան այբուբենի, որը, Նազարբաևի կարծիքով, քաղաքական բնույթ էր կրում: «Իսկ այժմ՝ ժամանակակից տեխնոլոգիաներին, հաղորդակցությանը և կապի միջոցներին համապատասխանելու համար երկրին լատինատառ այբուբեն է հարկավոր», - ամփոփել է Ղազախստանի նախագահը:
Ներկայում ղազախական այբուբենի լատինատառ տարբերակը օգտագործվում է Թուրքիայում ապրող ղազախական սփյուռքի շրջանում, ինչպես նաև մի շարք արևմտյան երկրներում, սակայն պաշտոնական կարգավիճակ չունի: