Չինաստանում Apple-ի աշխատակիցներ են ձերբակալվել օգտատերերի անձնական տվյալները վաճառելու համար
Չինաստանում ընդհատակյա խոշոր հանցավոր կազմակերպություն է հայտնաբերվել, որը ղեկավարվել է Apple ընկերության աշխատակիցների կողմից: Վերջիններս գողանում և վաճառում են ընկերության օգտատերերի անձնական տվյալները. չինական կառավարության հայտարարությունը փոխանցում է The Guardian-ը:
Հարավային Չեջիան նահանգի ոստիկանության տվյալների համաձայն՝ 22 մարդ է ձերբակալվել Apple-ի օգտատերերի տվյալների գաղտնիության խախտման և նրանց անձնական տվյալներն ապօրինաբար ձեռք բերելու կասկածանքով:
Կառավարությունը, սակայն, չի մանրամասնել՝ արդյոք այդ տվյալները պատկանում են Չինաստանի քաղաքացիներին, թե օտարերկրյա օգտատերերին: 22 կասկածյալներից 20-ը Apple-ի աշխատակիցներ են, որոնք ընկերության ներքին համակարգից վերցրել են օգտատերերի անուններ, հեռախոսի համարներ, Apple-ի տարբերակիչ համարներ և այլ տվյալներ, որոնք վաճառվել են ավելի քան 50 միլիոն յուանով (5,8 միլիոն ֆունթ սթերլինգ):
Գուանջո, Ջիանսու, Չեջիան և Ֆուջիան նահանգների ոստիկանների համատեղ ուժերով 22 կասկածյալները բերման են ենթարկվել, նրանց «հանցագործության գործիքներն» առգրավվել են, իսկ նրանց էլեկտրոնային ցանցերն՝ ապամոնտաժվել:
Ինչպես նշում է The Guardian-ը, Չինաստանում անձնական տեղեկությունների վաճառքը տարածված է: Հունիսի 1-ին կառավարությունը նոր օրենք է ընդունել կիբերանվտանգության և օգտատերերի անձնական տվյալների գաղտնիութունը ապահովելու համար: