Ավստրալիան դադարեցնում է օդային գործողությունները Սիրիայում
Ավստրալիան հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է Սիրիայում իր գործողությունները Ռուսաստանի զգուշացումից հետո. վերջինս սպառնում է ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիայի ցանկացած ինքնաթիռ համարել պոտենցիալ թիրախ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Ավստրալիայի կառավարությունն այս դադարը «նախազգուշական միջոցառում է» անվանել՝ այլ մանրամասներ չհայտնելով:
Մոսկվան այդպիսի զգուշացում է արել ԱՄՆ-ի կողմից սիրիական ռազմական ինքնաթիռի խոցումից հետո: Այդպիսի դեպքերը կանխելու նպատակով Ռուսաստանը նաև դադարեցրել է կապը ԱՄՆ-ի հետ:
BBC-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ղեկավարած հակաահաբեկչական միջազգային կոալիցիայի գործունեության շրջանակներում Ավստրալիան 780 ռազմական անձնակազմ է ուղարկել Իրաք և Սիրիրա:
Գործողությունները դադարեցվել են, քանի որ կոալիցիան և դրա զինվորականներն իբրև թե աջակցել են Իսլամական պետության զինյալների դուրսբերմանը Ռաքքայից, որը 2014 թ. հռչակվել է «խալիֆայության» փաստացի մայրաքաղաք:
«Ավստրալիայի պաշտպանական ուժերի աշխատանքը պարբերաբար վերանայվում է՝ պոտենցիալ սպառնալիքներին արագ արձագանքելու համար: Ավստրալիայի պաշտպանական ուժերը մեծ ուշադրությամբ հետևում են Սիրիայի օդային իրավիճակին և պատրաստ են վերսկսել աշխատանքները ցանկացած պահի»,- ասվում է Ավստրալիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Ավստրալիան կշարունակի իր գործողությունները Իրաքում միջազգայի կոալիցիայի շրջանակներում:
Նշենք, որ հունիսի 19-ին Ռուսաստանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ ըստ որի նա պատրաստ է հետապնդել կոալիցիայի ինքնաթիռները հրթիռային համակարգերով և ռազմական ինքնաթիռներով: Սակայն Ռուսաստանը բացեիբաց չի ասել, որ կոչնչացնի դրանք:
Այս հայտարարությունը հաջորդել է ԱՄՆ-ի կողմից սիրիական Սու-22 ինքնաթիռի խոցումը, որը, Պենտագոնի խոսքերով, կրակ էր բացել Ռաքքայի շրջանի Թաբքա քաղաքում ԻՊ-ի դեմ պայքարող ամերիկացի զինվորականների վրա:
Այդուհանդերձ, Ռուսաստանը և Սիրիան պնդում են, որ Սու-22-ը Ռաքքայի հարավ-արևմուտքում ԻՊ-ի դեմ գործողություններ էր իրականցնում այն պահին, երբ իր վրա կրակ են բացել:
Սիրիական բանակն զգուշացրել է, որ այդ «սարսափելի հարածը վտանգավոր հետևանքներ կունենա»:
Ռուսաստանը հերքել է ամերիկյան զինվորականների այն հայտարարությունը, թե Սու-22-ին հարված հասցնելուց առաջ ԱՄՆ-ն օգտագործել է համատեղ կապի ալիքը: Ի պատասխան Ռուսաստանը նշել է, որ դադարեցնում է կոալիցիայի հետ համագործակցությունը կնքված հուշագրի շրջանակում՝ օդային պատահարները կանխելու և թռիչքների անվտանգությունը երաշխավորելու համար: