ԵՄ-ն և Ճապոնիան ազատ առևտրի համաձայնագիր են կնքել
Եվրամիությունը և Ճապոնիան պաշտոնապես համաձայնության են եկել ազատ առևտրի պայամանագրի նախագծի հետ կապված. գրում է BBC-ն:
Համաձայնագիրը թույլ կտա առանց սակագնային խոչընդոտների ապրաքանշրջանառություն իրականացնել աշխարհի երկու խոշորոգույն տնտեսական գոտիների միջև:
Այդուհանդերձ, ինչպես նշում է BBC-ն, դեռևս քիչ մանրամասներ են հայտնի, և ամբողջական գործող համաձայնագրի հասնելու համար որոշ ժամանակ կպահանջվի:
Երկու կարևոր առևտրային ոլորտներն են ճապոնական ավտամեքենաների ներկրումը Եվրոպա և ԵՄ-ից գյուղատնտեսական ապրանքների արտահանումը Ճապոնիա:
Գործարքի նախագիծը ստորագրվել է այսօր՝ հուլիսի 6-ին, Բրյուսելում Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հանդիպումից հետո՝ Համբուրգում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին ընդառաջ:
BBC-ի փոխանցմամբ՝ համաձայնագիրը կնքվել է Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Խաղաղ օվկիանոսյան երկրների դաշինքի՝ Տրանս-խաղաղօվկիանոսյան համագործակցության փլուզումից հետո, երբ հունվարին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց դուրս գալ կառույցից:
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի խոսքերով՝ համաձայնագիրը ցույց է տալիս համաշխարհային առևտրին ԵՄ-ի ներգրավվածությունը: «Մենք արեցինք դա: Մենք Ճապոնիայի հետ քաղաքական և առևտրային համաձայնության եկանք: Եվրամիությունն ավելի ու ավելի ընդգրկուն է դառնում գլոբալ առումով»,- ասել է նա:
Տուսկը հավելել է, որ գործարքը հակահարված է հասցրել Բրեքզիթի կողմնակիցներին, որոնց կարծիքով ԵՄ-ն չէր կարողանա ազատ առևտուր իրականացնել. «Թեև շատերն ասում էին, որ Եվրամիությանը մեկուսացում և մասնատում է սպասվում, մենք ապացուցեցինք, որ դա այդպես չէ»:
Ինչպես հայտնում է BBC-ն, 127 միլիոն բնակչություն ունեցող Ճապոնիան իր տնտեսությամբ աշխարհում երրորդն է և Եվրոպայի յոթերրոդ խոշորագույն արտահանման շուկան: Ճապոնիա է արտահանվում հիմնականում եվրոպական կաթնամթերքը:
Անգամ համաձայնագրի վերջնական ստորագրումից հետո երկարատև անցումային շրջան կպահանջվի՝ մինչև 15 տարի, որպեսզի երկու երկրների տնտեսական ոլորտները հարմարվեն արտաքին մրցակցությանը: